Լեռան վրա կառուցված է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը։ Գարեգին Սրվանձտյանցը լեռն անվանում է «սուրբ և բարեպաշտ» և այն Սասունի ամբողջ ժողովրդի համար՝ առաջին և վերջին ամենահավաստի երդումն է դարձել։
Ըստ ավանդության՝ Մարութաի պաշտամունքը խիստ զայրացնում էր Անդոկին (սար Սասուն գավառում, Հայկական Տավրոսի գագաթներից մեկը), և նա Մարութա սարին մարտի է հրավիրում։ Մարտի ժամանակ Անդոկն իր կայծակե թրով խփում, ճեղքում է Մարութա սարի գլուխը, և այդ պատճառով էլ նրան ջղլագլուխ (զույգ գլխով) Մարաթուկ են անվանում։ Անդոկի հարվածից վիրավորված Մարութա սարը հսկա մի ժայռ է պոկում իր կողերից և խփում նրան։ Ժայռը խրվում է Անդոկի կուրծքը, թաղվում կողերի մեջ. դուրս է մնում միայն ժայռի երկու ջրաղացաքարի չափ մի կտոր, որի վրա այժմ էլ երևում են Մարաթուկի ձեռքի հետքերը։
2014 թվականի հուլիսին Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղչիի խումբը Մարաթուկի Սուրբ Աստվածածին վանքում նախաքրիստոնեական սեպագրություն է հայտնաբերել։
Մարութան Սասունի շրջանում ընդունված է որպես սուրբ լեռ: Նույնիսկ «Մարաթթու» բառն օգտագործվում է երդման փոխարեն, իսկ լեռան գագաթին գտնվող եկեղեցու մոտակայքի հողը որպես հակաթույն է օգտագործվում կարիճի խայթոցի դեմ: 2973 մ բարձրությամբ Մարութա լեռան գագաթին է գտնվում Մարութայի Բարձր Աստվածածինը: Ժողովրդի մեջ որպես Մարութայի եկեղեցի հայտնի սույն կառույցը սուրբ է համարվում նաև մուսուլմանների կողմից:
«Սասունցի Դավիթ» էպոսում պատմվում է, որ վանքը կառուցել է տվել Մհերը և ինքն էլ դրել է վանքի անունը` Մարութա Բարձր Աստվածածին: Ընդունված է այն տեսակետը, թե Մարութա անվանումը գալիս է արամեերեն Մարութա բառից, որը նշանակում է` իմ աշխարհի տերը: Հայերի կողմից որպես Մարաթթու հնչվող Մարութա լեռան անվանումը, փոխվել է որպես Այդընլըք լեռ, բայց և այնպես` շրջանի բնակչությունը շարունակում է օգտագործել Մարութա անվանումը:
Աղբյուրը՝ https://www.wikipedia.org/
https://movsisyannune.com/