Գերմանական իմպերիալիզմը երկար ժամանակ պատրաստվում էր հարձակվել ԽՍՀՄ-ի վրա․ այդ նախապատրաստությունը առավել ուժեղացավ ֆաշիզմի իշխանության գլուխ անցնելով։ Ֆաշիստական Գերմանիան ստեղծեց հսկայական ռազմա-տնտեսական պոտենցիալ․ 1934-40 թվականներին ռազմական արտադրությունն ավելացավ 22 անգամ, զինված ուժերը՝ 35 անգամ՝ 105 հազարից մինչև 3․755 հազար մարդ։ 1941 թվականի կեսին Գերմանիայի զինված ուժերի ընդհանուր թիվը շուրջ 7,3 մլն մարդ էր (բացի այդ կար ավելի քան 1,2 մլն ազատ-վարձու), ցամաքային զորքերը կազմում էին 214 դիվիզիա և 7 առանձին բրիգադ։ Գործող բանակում կար 5639 տանկ և գրոհիչ հրանոթ, ավելի քան 6500 ինքնաթիռ, 61 հազարից ավելի հրանոթ և ականանետ։ Ռազմածովային ուժերում հաշվվում էր 5 գծանավ, 4 ծանր և 4 թեթև հածանավ, 43 ականակիր, 161 սուզանավ և այլն։ ԽՍՀՄ-ի դեմ պատերազմի ծրագիրը նախատեսում էր հանկարծակի, հզոր արագաշարժ խմբավորումներով ճեղքել ու ոչնչացնել արևմուտքում կենտրոնացած խորհրդային բանակի գլխավոր ուժերը և սրընթաց խորանալ երկրի ներսը, 9-17 շաբաթվա ընթացքում ոչնչացնել խորհրդային բանակի հիմնական մասը։
Ծրագրի իրականացման համար գերմանական հրամանատարությունը առանձնացրեց 190 դիվիզիա։ Ռազմական բոլոր ուժերը տեղաբաշխվեցին ստրատեգիական երեք ուղղություններով։ «Հյուսիս» բանակախումբը (29 դիվիզիա) պետք է գրավեր Մերձբալթիկան և Բալթիկ ծովի նավահանգիստները, «Կենտրոն» բանակախումբը (50 դիվիզիա)՝ Բելառուսիան և զարգացներ հարձակումը Մոսկվայի վրա, «Հարավ» բանակախմբի (57 դիվիզիա և 13 բրիգադ) խնդիրն էր գրավել Աջափնյա Ուկրաինան, դուրս գալ Դնեպր և զարգացնել հարձակումը դեպի արևելք։ Գերմանական ցամաքային զորքերի պահեստում գտնվում էր 24 դիվիզիա։
1941 թվականի հունիսին խորհրդային զինված ուժերը կազմում էին 5․373 հազար մարդ, ցամաքային զորքերում կար 303 դիվիզիա (որի քառորդ մասը գտնվում էր կազմավորման կամ վերակազմավորման վիճակում)։ Ռազմածովային նավատորմում կար 3 գծանավ, 7 հածանավ, 54 էսկադրային ականակիր, 212 սուզանավ։ Բանակի հրամկազմը օժտված էր բարձր բարոյաքաղաքական և մարտական ունակությամբ։ Պատերազմի սկզբին բանակում հաշվվում էր 563,5 հազար մարդ։ Արևմտյան սահմանային ռազմական օկրուգներում գտնվում էր 170 դիվիզիա և 2 բրիգադ, ընդամենը 2․680 հազար մարդ։ Որոշ ուղղություններում թշնամին խորհրդային զորքերին գերազանցում էր 3-4 անգամ։ Սակայն երկրի պաշտպանության ամրապնդման ուղղությամբ նյութատեխնիկական և կազմակերպական ոչ բոլոր միջոցառումներն էին հաջողվել իրականացնել մինչև պատերազմի սկիզբը։ Իր դերը խաղաց նաև թշնամու հնարավոր հարձակման ժամկետների վերաբերյալ հաշվեսխալը։ Արևմտյան սահմանի զորքերը հարձակման սկզբին մարտական պատրաստության մեջ չէին։ Ծայրահեղ անբարենպաստ պայմաններում խորհրդային զորքերը պատերազմի մեջ մտան փորձված և ուժեղ թշնամու դեմ։
Գերմանա-խորհրդային պատերազմն ավարտվեց ֆաշիզմի դեմ լիակատար հաղթանակով։ Խորհրդային Միությունը պաշտպանեց իր ազատությունն ու անկախությունը, ամրապնդեց իր սահմանների անվտանգությունը։ Ֆաշիստական լծից ազատագրվեցին և ազգային անկախություն ձեռք բերեցին Եվրոպայի շատ ժողովուրդներ, այդ թվում գերմանացիները։ Ֆաշիզմի դեմ հաղթանակը հեղափոխական բուռն վերելք առաջ բերեց աշխարհի բոլոր մասերում, իմպերիալիզմի և սոցիալիզմի ուժերի հարաբերակցությունը փոխվհց հօգուտ վերջինի, Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում հաստատվեցին սոցիալիստական կարգեր, ստեղծվեց սոցիալիզմի համաշխարհային սիստեմը։ Նոր աստիճանի բարձրացավ ազգային ազատագրական պայքարը, որը հանգեցրեց իմպերիալիզմի գաղութային սիստեմի փլուզմանը։ Կապիտալիստական երկրներում ուժեղացավ բանվորական և կոմունիստական շարժումը։
Գերմանա-խորհրդային պատերազմը պատմության մեջ եղած պատերազմներից ամենածանրն էր․ պատերազմում զոհվեց ավելի քան 20 մլն խորհրդային քաղաքացի (երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների 40%-ը), ավերվեցին հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր ու ավաններ։ Նյութական վնասը կազմեց 2569 մլրդ ռուբլի։
Խորհրդային Միության ժողովուրդներն ու նրա զինված ուժերը վճռական դեր խաղացին երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթական ավարտի գործում, համարյա 4 տարի շարունակ սովետագերմանական ճակատում խորհրդային զորքերի դեմ միաժամանակ գործում էր հակառակորդի 190-ից մինչև 270 դիվիզիա։ Սովետա-գերմանական ճակատում հակառակորդը կորցրեց 607 դիվիզիա (արևմտյան դաշնակիցների դեմ՝ 176 դիվիզիա)։
Խորհրդային Միության պետական կուսակցական և զինվորական ղեկավարության կարևոր հատվածներում գտնվում էին ականավոր գործիչներ Ալեքսանդր Անդրեևը, Անդրեյ Ժդանովը, Միխայիլ Կալինինը, Ալեքսեյ Կոսիգինը, Անաստաս Միկոյանը, Վյաչեսլավ Մոլոտովը, Նիկոլայ Շվերնիկը, Ալեքսանդր Շչերբակովը, Նիկոլայ Վոզնեսենսկին, Կլիմենտ Վորոշիլովը և ուրիշներ։ ԽՍՀՄ-ում ստեղծվեց համակարգված ռազմական տնտեսություն, թիկունքի և ճակատի միասնություն։ Խորհրդային մարդիկ ցուցաբերեցին աննախադեպ աշխատանքային սխրանքներ։ Նոր զենքի և ռազմական տեխնիկայի ստեղծման գործում եռանդորեն աշխատեցին գիտնականներն ու կոնստրուկտորները՝ Անատոլի Ալեքսանդրովը, Ալեքսանդր Արխանգելսկին, Անատոլի Բլագոնրավովը, Սերգեյ Գորյունովը, Վասիլի Գրաբինը, Միխայիլ Գուրևիչը, Վասիլի Դեգտյարովը, Նիկոլայ Դուխովը, Իլյա Իվանովը, Սերգեյ Իլյուշինը, Վլադիմիր Կլիմովը, Սերգեյ Կորոլյովը, Ժոզեֆ Կոտինը, Ա․ Ն․ Կռիլովը, Նիկոլայ Կուչերենկոն, Սեմյոն Լավոչկինը, Արտեմ Միկոյանը, Ալեքսանդր Միկուլինը, Ալեքսանդր Մորոզովը, Վլադիմիր Պետլյակովը, Ֆեոդոր Պետրովը, Նիկոլայ Պոլիկարպովը, Սերգեյ Սիմոնովը, Պավել Սուխոյը, Ֆեոդոր Տոկարևը, Անդրեյ Տուպոլևը, Բորիս Շավիրինը, Արկադի Շվեցովը, Գեորգի Շպագինը, Ալեքսանդր Յակովլևը և ուրիշներ։
Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացավ 11․603 զինվոր, կրկնակի հերոսի կոչման՝ 104-ը, Իվան Կոժեդուբը և Ալեքսանդր Պոկրիշկինը՝ եռակի հերոսի կոչման, իսկ Գեորգի Ժուկովը՝ քառակի հերոսի կոչման։ Շքանշաններով և մեդալներով պարգևատրվեց ավելի քան 7 մլն մարդ։ Թշնամու դեմ անօրինակ արիությամբ կռվեցին խորհրդային պարտիզաններն ու ընդհատակայինները։ Խորհրդային Միության զորավարներն և հրամանատարները հաջողությամբ իրականացրեցին ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում։ Նրանք էին Հովհաննես Բաղրամյանը, Լեոնիդ Գովորովը, Անդրեյ Երյոմենկոն, Մատվեյ Զախարովը, Գեորգի Ժուկովը, Հովհաննես Իսակովը, Իվան Կոնևը, Ռոդիոն Մալինովսկին, Կիրիլ Մերեցկովը, Կիրիլ Մոսկալենկոն, Ալեքսանդր Նովիկովը, Իվան Յումաշևը, Բորիս Շապոշնիկովը, Իվան Չերնյախովսկին, Վասիլի Չույկովը, Իվան Պետրովը, Կոնստանտին Ռոկոսովսկին, Վասիլի Սոկոլովսկին, Ալեքսանդր Վասիլևսկին, Նիկոլայ Վատուտինը, Ֆեոդոր Տոլբուխինը, Ֆիլիպ Օկտյաբրսկին և ուրիշներ։
Գերմանա-խորհրդային պատերազմում ԽՍՀՄ ռազմական գործողությունները ղեկավարեց Խորհրդային Գերագույն գլխավոր հրամանատարությունը, որի անդամներն էին Իոսիֆ Ստալինը (Գերագույն Գլխավոր հրամանատար), Ալեքսեյ Անտոնովը, Սեմյոն Բուդյոննին, Ալեքսանդր Վասիլևսկին, Գեորգի Ժուկովը, Սեմյոն Տիմոշենկոն, Բորիս Շապոշնիկովը և ուրիշներ։ Ռազմական գործողությունների ղեկավարման գործում աչքի ընկնող դեր խաղացին գլխավոր շտաբի առաջատար աշխատողները, ռազմաճակատների շտաբների պետերը, զորատեսակների հրամանատարները։