Աղավնի Մեսրոպյանի հուշերից

Komitas

Կոմիտասի գերազանց լսողությունը։

1912 թվին Համազգային օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Մի օր Կոմիտասը մեր դպրոց եկավ՝ իր «Գուսան» երգչախմբի համալրման համար, աղջիկների ձայները փորձելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ տեսանք, որ հազիվ մի քանի խոսքը  փոխանակելուց հետո՝ կարողացավ որոշել նրանց ձայնի տեսակները՝ առանց երգել տալու:

Հանկարծ ներս մտավ դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից մեկը՝ Կոմիտասին ներկայացնելով իր դասարանի ձայնեղ աշակերտուհուն: Կոմիտասը աշակերտուհու հետ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ սրամտորեն ուսուցչուհուն ասաց. «Ուսուցչուհի և աշակերտուհի, նույն տեսակի ձայն ունենալու համար, երկուսիդ էլ գրանցում եմ սոպրանոների խմբի մեջ»:

Մի օր, երբ հորս հետ Ղալաթիոյի ազգային մատենադարան էինք գնացել, այնտեղ էր նաև Կոմիտասը՝ շրջապատված մի խումբ ուսանողներով, որոնց ձայներն էր փորձում: Իր յուրահատուկ ժպիտով կանգնած, Կոմիտասը, նրանց առանձին հարցումներ անելով, որոշում էր ձայների տեսակը և ծոցատետրում գրանցում անունները: Նրանք, ովքեր իր երգած մի նոտան հաջողությամբ կարողացան վերարտադրել, արդեն, «պիտանի անդամ» էին համարվում: Նրանց անունները, որոնք իր երգած փոքրիկ երգային նախադասությունը դյուրությամբ ըմբռնցին, «հույժ քաջալավ» անդամների բաժնում ընդգրկեց: Մի քանի ուսանողներ, երբ պնդեցին, թե ձայն չունեն, Կոմիտասը սրամտորեն կատակաբանություններով նրանց  բարձրաձայն քրքիջների մատնեց, և որակեց՝ «ճշմարիտ երգիչներ»:

Մեծ էր ներկաների զարմանքը, երբ մի օր Կենտրոնականի գավառացի ուսանողների ձայները փորձելու ժամանակ, որևէ նոտայի կրկնությունից հետո, Կոմիտասը հասկանում էր նրանց, թե Տաճկահայաստանի ո՛ր գավառից էին: Ավելի մեծ եղավ զարմանքը, երբ տեսանք, որ յուրաքանչյուր գավառացու հետ Կոմիտասը սկսեց ազատորեն խոսել նրա հատուկ գավառաբարբառով՝ պահելով այդ բարբառների առանձնահատուկ առոգանությունն ու ոճը:

Այդ օրը Կոմիտասը մի մշեցի էր, այնքան հարազատ, որքան մի բիթլիսցի, մի վանեցի, մի սասունցի և ուրիշ գավառացի: Այդ օրը երկու ժամվա մեջ Կոմիտասը իր երգչախմբի համար 40 անդամ ընտրեց, որոնց ձայների տեսակները հետագայում ոչ մի փոփոխություն չկրեցին:

Կոմիտասի մասին (կենսագրություն)

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Էջմիածին, 1890, մարտի 17

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:

Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

Սպանություն գոլֆի դաշտում (վերլուծություն)

Վեպը սկսվում է նրանով, որ Փարիզ-Կալե գնացքում Հասթինգսը ծանոթանում է մի երիտասարդ կնոջ հետ, որին անհույս սիրահարվում է։ Նրա անունը Դալսի Դյուվին է մականունը՝ Սինդերելա։ Իր «Ժենեվյեվա» առանձնատանը սպանվում է օլիգարխ Պոլ Ռենոն:Մահվանից մեկ օր առաջ նա նամակ էր ուղարկել լեգենդար հետախույզ Էրքյուլ Պուարոյին՝ խնդրելով, որ նա այցելի իր առանձնատուն։ Պուարոն չի հասցնում. գիշերը պարոն Ռենոյի և նրա կնոջ վրա հարձակվում են երկու անծանոթներ։ Տիկին Ռենոյին կապում են, իսկ ամուսնուն՝ տանում։ Ավելի ուշ նրա դին գտնում են գոլֆի դեռ անավարտ խաղադաշտում։ Պուարոն պարզում է, որ մահվանից երկու շաբաթ առաջ Ռենոն փոխել է կտակը։ Նոր կտակի համաձայն՝ նա իր ամբողջ ունեցվածքը ժառանգություն է թողել կնոջը և գործնականում ոչինչ չի թողել իր որդուն։ Սպանության տեղում հայտնաբերվում է սպանվածի ժամացույցը, որը, չնայած ջարդված լինելուն, շարունակում էր աշխատել և առաջ էր ընկել ուղիղ երկու ժամով։ Պուարոյի գլխում շատ հարցեր են ծագում. մասնավորապես նրան զարմացնում է այն, որ ծառայողները ոչինչ չեն լսել, որ մարմինը թողել են այնտեղ, որտեղից շատ հեշտ է գտնել, և ժամացույցն էլ առաջ է ընկել։