Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժում

Հայ հայդուկային շարժում, ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև։ Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։

Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար։ Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված։ Հայերի կյանքը, կայքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ ստացել են ժողովրդի օգնությունը։ Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հայրենասեր նոր երիտասարդներ։ Հայ մարտիկներն աչքի են ընկել համարձակությամբ ու անձնազոհությամբ, հաճախ, կռվի բռնվելով թշնամու գերակշիռ ուժերի հետ, դիմակայել են ու հաղթել։ Դա ոգևորել է հայ բնակչությանը՝ զինված պայքարի ելնելու հարստահարիչների դեմ։

Հայ հայդուկային առաջին խմբերն առաջացել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում։ Առավել հայտնի էին Մարգար Վարժապետի, Արաբոյի, Ռ.Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գ.Արխանյանի (Մնձուրի Առյուծ), Ա.Աչըքպաշյանի, Մինասօղլու խմբերը, Մեծ և Փոքր «Չելլոները» և ուրիշներ։ Այս շրջանում հայդուկների որոշ ղեկավարներ (Ա.Աչըքպաշյան և ուրիշներ) փորձեր են արել համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ-անջատ ֆիդայական խմբերի գործողությունները։ Սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ հետևողական չէին և շոշափելի արդյունք չեն տվել։ Հաջողություն չի ունեցել և չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը դաշինք հաստատել Օսմանյան կայսրությունում ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի, ազգազատագրական շարժման հետ։ Հայդուկները որոշակի աշխատանք են կատարել՝ ամրապնդելու կապերը հայ ժողովրդի երկու հատվածների միջև, նրանցից շատերը այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար։ 1880-1890-ական թթ. կովկասահայ երիտասարդների, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի հանդեպ, և գնալով ծավալվել է օգնության շարժումը։ Շատ հայ երիտասարդներ, գլխավորապես ուսանողներ, գալիս էին Թուրքիային մոտ կամ սահմանակից շրջաններ (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն), կազմում հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով փորձում անցնել Արևմտյան Հայաստան, հայտնի են Վարդան Գոլոշյանի, Սարգիս Կուկունյանի ձեռնարկները։ Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք էին փոխադրում Ռուսաստանից, Անդրկովկասից, Պարսկաստանից։

1890-ական թթ. սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ է ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությունների՝ հնչակյան կուսակցության և հայ հեղափոխական դաշնակցության ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով (Հայ հայդուկային շարժուման 2-րդ փուլ)։ Եվ քանի որ ազգային կուսակցությունները ծնվել էին հայ ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով, և նրանց հիմնական նպատակն էր հայկական հարցի լուծումը՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի պետք է համագործակցեին այնտեղ գործող հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ։ Սկզբից ևեթ կուսակցությունները ֆիդայիներին համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունել ազգային կուսակցությունների գաղափարական ղեկավարությունը։ Հայդուկային շարժումը, որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրանց ղեկավարությամբ։

Ֆիդայիների հարելը հնչակյաններին կամ դաշնակցականներին սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից որն էր ավելի ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում։ Քիչ չեն դեպքերը, երբ ֆիդայիները նախ գործակցել են հնչակյանների, ապա դաշնակցականների հետ։ Հետագայում՝ 19-րդ դարի 90-ական թթ. 2-րդ կեսից դաշնակցությունը, դառնալով ավելի ազդեցիկ, ղեկավարեց հայդուկային շարժումը, և մեծ թվով ֆիդայիներ դարձան դաշնակցության անդամ։ Լայնորեն ծավալվում էր ֆիդայական շարժումն Արևմտյան Հայաստանի շատ շրջաններում և Կիլիկիայում։

Երբ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը ձեռնամուխ եղավ Թուրքիայում հայ բնակչության զանգվածային բնաջնջմանը (Հայկական կոտորածներ 1894-1896), ֆիդայիներն ակտիվորեն մասնակցեցին հայերի ինքնապաշտպանությանը (Խլաթ,  Սասուն, Վան, Շապին Գարահիսար և այլն)։ Հայդուկների հաջող գործողությունները նորից հույս ներշնչեցին Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար։ Այս գաղափարը պաշտպանեցին դաշնակցական որոշ գործիչներ։ Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձն արդյունք չտվեց։ Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվեց իրենց կողմը քաշել քուրդ ցեղերին ու ցեղապետներին ընդդեմ հայերի։Աղբյուր Սերոբ (Սերոբ Վարդանյան)

Պայքարի հիմնական ուժը դարձյալ զինված հայդուկային խմբերն էին, որոնք համառ դիմադրություն էին ցույց տալիս թուրք ու քուրդ հրոսակներին, մարդասպաններին, «ջանբեզարների» ավազակախմբերին (Բաբշենի կռիվ 1898, Խաստուրի կռիվ 1899, Սպաղանքի կռիվներ 1899, 1900, Ցրոնքի կռիվ 1899, Բերդակի կռիվ 1901, Նորշենի կռիվ 1901, Առաքելոց վանքի կռիվ 1901)։ Հայդուկային շարժման պոռթկում էր 1904-ի Սասունի ապստամբությունը։ Այս շրջանում հանդես եկան ժողովրդի մեջ մեծ համբավ հանած ֆիդայիներ Աղբյուր Սերոբը, Անդրանիկը, Գևորգ Չավուշը, Նիկոլ Դումանը, Ժիրայրը, Հրայրը, Սպաղանաց Մակարը և ուրիշներ։ Նրանցից շատերը հերոսաբար ընկան անհավասար մարտերում՝ ժողովրդի մեջ թողնելով բարի հիշատակ։

Աղբյուր Սերոբ (Սերոբ Վարդանյան)

20-րդ դարի սկզբին շարունակվում էր Կովկասից և Իրանից զենքի ու զինամթերքի փոխադրումն Արևմտյան Հայաստան։ Խմբերը կազմակերպում, հանդերձավորում և զինում էին հայ ազգային կուսակցությունները։ Այդ ճանապարհին, սակայն, խոչընդոտ էին ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս, սահմանապահ իշխանությունները, ինչի հետևանքով այդ ձեռնարկումները հաճախ մատնվում էին անհաջողության։ 1901 թ-ի մայիսի 25-ին սահմանն անցել և Սասուն է հասել Թորգոմի գլխավորած «Մրրիկ» հեծյալ խումբը (33 մարդ)։ Նույն թվականի սեպտեմբերի սկզբին Գերմանիայում ուսանող Աբրահամյանը 50 մարդուց կազմված զինված խմբի գլուխ անցած փորձել է անցնել սահմանը և ձերբակալվել է։ Սեպտեմբերի 30-ին Բասենում թուրք, զորաջոկատի հետ ընդհարվել է «Կայծակ» հեծելախումբը (53 մարդ)։ 1904-ի մայիսի վերջին Աշոտ Երկաթի (Արմենակ Լևոնյան) և քղեցի Պողոսի (Թոխմախ) գլխավորած մարտական խումբը (35 մարդ) Իգդիրից Սասուն գնալիս, Արճեշի Սոսկուն գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, պաշարվել թուրք, կանոնավոր բանակի կողմից և զոհվել անհավասար կռվում։ Նույն ամսին Փոխիկի ղեկավարությամբ 14 հեծյալից կազմված խումբը Սալմաստից Վան ճանապարհին ընդհարվել է թուրք զինվորների ու քրդերի հետ և զոհվել։ Հունիսին Դժոխքի (Վաղարշակ) գլխավորած «Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) Արևմտյան Հայաստան անցնելիս Զևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել։ Նույն ամսին Նիկոլ Դումանի հեծյալ խումբը (18 մարդ, այդ թվում բժիշկ Յա. Զավրիևը), սահմանագլխին բախվելով թուրք, զինված ուժի հետ, ցրվել է և վերադարձել Պարսկաստան։ Հուլիսի 24-ին 102 մարդուց կազմված հայ կամավորների մի խումբ Գայլ Վահանի և Կապիտան Բաբկենի (Նիկողոս Տեր-Խաչատրյան) ղեկավարությամբ անցել է սահմանն Արարատի ուղղությամբ։ «Արտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել է դեպի Մոսուն գյուղը, իսկ «Մասիս» խումբը Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) գլխավորությամբ դեպի Զոր։ Հանդիպելով թուրք զինվորների և քուրդ հրոսակների՝ ընդհարվել են։ Խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել։ Արևմտահայերին օգնության շտապող այդ խմբերը չեն հաջողել, քանի որ կազմակերպվել են հապճեպ, առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները։

Հայտնի են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային արշավանքներ։ Առավել հայտնի է 1897 թվականին իրականացրած Խանասորի արշավանքը։ 1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո հայդուկային շարժումը վայրէջք է ապրել։ Մնալով հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (Ալվառինջի կռիվ 1905, Սուլուխի կռիվ 1907)՝ Հայ հայդուկային շարժումը դատապարտված էր անհաջողության։ Գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը հիմնական պատճառներն էին, որոնք կանխորոշեցին հայդուկային շարժման ելքը։ Դրա հետ մեկտեղ ֆիդայիների քաջությունը, անձնազոհությունը, ամենաաննպաստ պայմաններում պայքարի նրանց պատրաստականությունը մեծ դեր խաղացին հայ ժողովրդին ազատագրական պայքարի պատրաստելու համար։ Հայ հայդուկային շարժում հայ ժողովրդի ազգազատագրական պայքարի վառ էջերից է։

Զեյթունի ապստամբություն

Զեյթունի առաջին ապստամբությունը տեղի ունեցել 1862 թվականին օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև: Զեյթունի շրջանը երկար ժամանակ եղել է ինքնավար, գրեթե անկախ հայկական շրջան Օսմանյան կայսրության կազմում: 1862 թվականի ամռանը Օսմանյան կայսրության սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, սակայն դա նրան չի հաջողվել:

Զեյթունի հայերը ունեցել են բարձր ինքնավարություն մինչև 19-րդ դարը: 19-րդ դարի առաջին կեսին Օսմանյան կայսրության ղեկավարները որոշում են կայացրել կայսրության այս շրջանը կառավարելի դարձնելու համար շրջանում բնակեցնել մուսուլմանների:

1860 թվականի հունիսին Օսմանյան կայրության հրամանատար Խուրշիդ փաշան 12 հազարանոց բանակով հասավ Ջահան գետի մոտ: Նա պահանջ ներկայացրեց Զեյթունի բնակչությանը վճարել հարկերը և հրաժարվել ինքնավարությունից: Զեյթունի բնակչությունը հրաժարվեց և հարձակում գործեց փաշայի զորքի վրա՝ պարտության մատնելով: Օսմանյան զորքը հեռացավ Մարաշ:

1862 թվականին Ազիզ փաշայի՝ Մարաշի կուսակալ նշանակվելուց հետո Մարաշում սկսվեցին զորքերի, այդ թվում յրետանու կուտակում: Հունիսին Զեյթուն գավառակի Քեթման գյուղում տեղի ունեցավ ազգամիջյան բախում, որը առիթ հանդիսացավ Ազիզ Փաշայի համար գավառակի վրա հարձակում գործելու:

Ալաբաշ և Թոփալ-օղլի գյուղերի բնակչությունը՝ դիմադրելով առաջին հարձակմանը ետ շպրտեցին առաջապահ զորքերին: Հուլիսի վերջին Ազիզ փաշան ավելի մեծ զորախմբով՝ կանոնավոր բանակով և ոչ կանոնավոր խմբերով, ներխուժեց գավառակ՝ ավերելով բազմաթիվ գյուղեր: Ըստ Ծերենցի նկարագրածի Ալաբաշ գյուղի բոլոր կանայք և տղամարդիկ սրի բերան գնացին, տները կողոպտվեցին և հրո ճարակ դարձան, վանահորը և միաբանության անդամներին սպանեցին կուսակալի առջև:

Ազիզ փաշան հասնելով Զեյթուն քաղաքի մատույցներ՝ տեղի բնակչությունը առաջարկեց վճարել չվճարած հարկերը զորքին ետ քաշելու պայմանով: Ազիզ փաշան հրաժարվեց: 1862 թվականի հուլիսի վերջին Զեյթունը պաշարված էր ամբողջությամբ: Քաղաքում կուտակվել էր գկուղերից փախած բնակչությունը ընդհանուր առմամբ կար մոտ 7000 զինվորական: Հայերը խուսափելով անցնել հարձակման՝ սկսեցին ակտիվ պաշտպանել քաղաքը՝ հյուծելով Օսմանյան զորքին: Թուրքական բանակի երկու գնդեր Էրիջեի հովտում դիրքավորվել էին և ցանկանում էին օգոստոսի 1-ի գիշերը հարձակում գործել քաղաքի վրա: Զեյթունիցները հետախուզության արդյունքում իմացել էին հարձակման նպատակի մասին և հանկարածակիի բերելով օսմանյան զորքին՝ զեյթունցիները հարցակում գործեցին այդ գնդերի վրա՝ պարտության մատնելով: Գնդերի փախուստից հետո հայերը կարողացան տիրանալ մնացած ռազմամթերքին:

Զեյթունցիները պաշտպանական մարտեր մղելոց հետո թուլացրեցին Ազիզ փաշայի զորքերը, որի արդյուքնում հնարավորություն ստացան օգոստոսի 2-ին հարձակման անցնելով ետ մղել ամբողջ զորքը :

1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878, հակամարտություն Օսմանյան կայսրության և Ուղղափառ եկեղեցու դաշինքի միջև Ռուսական կայսրության գլխավորությամբ, որի մեջ էին մտնում Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան: Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր: Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնությամբ:

Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում: Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը: Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե ֆակտո անկախացել էին մինչև պատերազմը: Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակԲուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումինիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք: 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային Կիպրոսը:

Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում:

Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը: Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի մեծ մասը ընդունում էր ռուսներին որպես ազատագրողներ:

1856 թավականի Փարիզի հաշտության պայմանագրի 9-րդ հոդվածով, որով ավարտվեց Ղրիմի պատերազմը, Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր երաշխավորել կայսրությունում ապրող քրիստոնյաներին հավասար իրավունքների մուսուլմանների հետ միասին: Պայմանագրի ստորագրումից առաջ Օսմանյան կառավարությունը հրովարտակ ստորագրեց Հաթթը Շերիֆ անվանմամբ, որով հավասար իրավունքներ էր տրվում մուսուլմաններին և ոչ մուսուլմաններին և դրա հետ կապված որոշակի բարեփոխումներ իրականացրեց: Օրինակ ոչ մուսուլմաններից հարկվող ջիզիե հարկատեսակը չեղարկվեց և ոչ մուսուլմաններին թույլատրվեց ծառայել բանակում:

Այնուամենայնիվ, երկրում մնաց Զիմմի կարգավիճակը, ներառյալ քրիստոնյաների կողմից մուսուլմանների դեմ հայցերը, դատարաններում չէին քննարկվում:

Լիբանանի ճգնաժամ 1860
1858 թվականին մարոնական գյուղացիները, հոգեևորականների հորդորով, ապստամբեցին իրենց դրուզ ֆեոդալ կալվածատերերի դեմ և հիմնադրեցին գյուղացիական հանրապետություն: Հարավային Լիբանանում մարոնական գյուղացիները աշխատում էին դրուզ կալվածատերեի մոտ, իսկ դրուզ գյուղացիները սատարում էին իրենց կալվածատերին ընդդեմ մարոնականների, ինչը հակամարտությունը վերածեց քաղաքացիական պատերազմի: Չնայած երկու կողմն էլ կորուստներ ունեցան, մոտ 10.000 մարոնականներ կոտորվեցին դրուզների ձեռքով:

Եվրոպական միջամտության վտանգի ներքո օսմանյան կառավարությունը վերականգնեց կարգը: Այնուամենայնիվ, տեղի ունեցավ ֆրանս-բրիտանական միջամտությունը[7]: Եվրոպական ճնշման ներքո սուլթանը համաձայնեց Լիբանանում նշանակել քրիստոնյա կառավարիչ, որը նշանակվում էր սուլթանի կողմից և թեկնացությանը հավանության էին տալիս Եվրոպական տերությունները[5]:

1860 թվականի մայիսի 27-ին մի խումբ մարոնականներ ավազակային հարձակում գործեցին դրուզների գյուղի վրա: Դրան հաջորդեցին կոտորածներ ոչ միայն Լիբանանում, այլև Սիրիայում: Կոտորածների վերջում բոլոր կրոններից սպանվեցին 7.000-ից 12.000 մարդ և ավելի քան 300 գյուղ, 500 եկեղեցի, 40 վանք և 30 դպրոց ավերվեցին: Քրիստոնյաները հարձակվեցին մուսուլմանների վրա Բեյրութում, ինչը հրահրեց Դամասկոսի մուսուլմաններին հարձակվեց քրիստոնյա փոքրամասնության վրա և սպանել 5.000-25.000 մարդու, ներառյալ ամերիկացի և հոլանդացի հյուպատոսները, ինչը ստացավ միջազգային արձագանք:

Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարար Մեհմեդ Ֆուադ փաշան ժամանեց Սիրիա և խնդիրը լուծելու համար փորձեց գտնել մեղավորների, այդ թվում նահանգապետին և այլ պաշտոնյաներին: Իրավիճակը կարգավորվեց և Լիբանանին տրվեց նոր ինքնավարություն` վախենալով եվրոպական միջամտությունից: Այնուամենայնիվ 1860 թվականին Ֆրանսիան նավատորմ ուղարկեց և նրան միացավ Բրիտանիան տեղում ֆրանսիական ազդեցությունը մեծացնելու համար: