Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (կրճատ՝ ՀԽՍՀ, 1936-1991 թթ. գոյության շրջանում՝ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՍՀ, 1920-1936 թթ.՝ Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկա՝ ՀՍՍՌ) (ռուսերեն՝ Армянская Советская Социалистическая Республика), ԽՍՀՄ վարչատարածքային միավոր, 15 միութենական հանրապետություններից մեկը։
Հիմնվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով (տե՛ս Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2)։ Մինչ այդ, 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։
Նոյեմբերի 30-ին Հայ-հեղկոմը ողջույնի հեռագիր է հղել Ռուսաստանի ժողկոմխորհի նախագահ Վլադիմիր Լենինին և կրկին «Հայաստանի բոլոր բանվորների և գյուղացիների անունից» խնդրել է Կարմիր բանակի օգնությունը։ Նույն օրն ստացվել է Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի հեռագիրը, որով խորհրդային Ադրբեջանը, հօգուտ խորհրդայնացած Հայաստանի, հրաժարվել է «վիճելի» համարվող Զանգեզուրից, Ղարաբաղից և Նախիջևանից։ Սակայն կարճ ժամանակ անց, հետ կանգնելով իր խոստումներից, Ադրբեջանը պայքար է սկսել վերոնշյալ գավառների համար։ Նոյեմբերի 30-ին Հայաստանի խորհրդայնացման առիթով շնորհավորական նամակներ են ստացվել Ն. Նարիմանովից և քեմալական բանակի Արևելյան ռազմաճակատի հրամանատար գեներալ Քյազիմ Կարաբեքիրից։
Երևանյան համաձայնագրով (դեկտեմբերի 2)՝ մինչև Հայհեղկոմի ժամանումը մայրաքաղաք, իշխանությունը հանձնվել է զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ։ Դեկտեմբերի 6-ին, Սարգիս Կասյանի գլխավորությամբ, Երևան մտած Հայհեղկոմը հենց սկզբից խախտել է համաձայնագիրը, ըստ որի՝ հեղկոմում (օրենսդիր և գործադիր մարմին էր) պետք է ընդգրկվեր նախկին կառավարությունից 2 հոգի։ Այնուհետև բոլշևիկները չեն կատարել համաձայնագրի նաև մյուս կետերը։ Հայաստանում հաստատվել է բոլշևիկյան կուսակցության մենիշխանություն։ Քարոզչական արշավանք է սկսվել նախկին իշխանությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Ըստ վարչական բաժանումների՝ հեղկոմներ են ստեղծվել նաև գավառներում, շրջաններում (գավառակներ), գյուղերում։ Հայհեղկոմի իշխանությունը չի տարածվել այն տարածքների վրա, որոնք գրավել կամ ռազմակալել էին թուրքական զորքերը՝ Ալեքսանդրապոլի և Նախիջևանի գավառները, Վրաստանը՝ Լոռու «չեգոք գոտին», խորհրդային Ռուսաստանը՝ Ղարաբաղը և Ձանգեզուրը, որոնք վերահսկում էին Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ գործող ուժերը։ Հայհեղկոմի առաջին դեկրետով ստեղծվել է Արտակարգ հանձնաժողով (ռուսական հապավումը՝ Չեկա՝ Չրեզվիչայնայա կոմիսիա), որի նպատակը «հակահեղափոխական ու Խորհրդային Հայաստանի» դեմ պայքար ծավալելն էր։ Նախկին դատական համակարգը փոխարինվել է «ժողովրդական դատարաններով» և դրոշը «հեղափոխական տրիբունալներով»։ Հայաստանի Հանրապետությունում գործած օրենքները փոխարինվել են Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) օրենսդրությամբ։
Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության՝ [ՀԿ(բ)Կ] կենտկոմը կազմակերպել ու ղեկավարել է խորհրդային իշխանության հաստատման գործընթացը։ Ձևավորվել են գավառային ու շրջանային կազմակերպությունները, առաջին սկզբնական կուսումնական բջիջները (կազմակերպություններ)։ Չնայած իր անվանը՝ Հայաստանի կոմկուսը ինքնուրույն ու անկախ կազմակերպություն չէր, չուներ իր ծրագիրն ու կանոնադրությունը, Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության՝ [ՌԿ(բ)Կ] բաղկացուցիչ մասն էր և Հայաստանում իրականացրել է նրա քաղաքականությունը։
1921 թվականի դեկտեմբերին և 1922 թվականի հունվարին Հայաստանում իշխանության նշանակովի մարմինները՝ հեղկոմները, փոխարինվել են իշխանության ընտրովի մարմիններով՝ խորհուրդներով։ Ընտրվել են գյուղական, շրջանային, գավառային, քաղաքային խորհուրդներ։ 1922 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 4-ը Երևանում տեղի է ունեցել բարձրագույն օրենսդիր իշխանության՝ Հայաստանի խորհուրդների առաջին համագումարը, որն ընդունել է երկրի սահմանադրությունը (առաջինը՝ Հայոց պետականության պատմության մեջ)։ Այն որոշ փոփոխություններով խորհրդային Ռուսաստանի 1918 թվականի Սահմանադրության կրկնությունն էր. բաղկացած էր 5 մասից, 12 գլխից և 89 հոդվածից։ Վերջին հոդվածներով սահմանվել են հանրապետության նոր խորհրդանիշները՝ զինանշանը (հեղինակ՝ Մարտիրոս Սարյան) և պետական դրոշը։
1922 թվականի մարտի 12-ին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի Կենտգործկոմների լիազոր խորհրդաժողովը որոշել է կազմավորել Անդրկովկասյան Սոցիալիստական խորհրդային Հանրապետությունների Դաշնայիև Միություն (ԱՍԽՀԴՄ)։ 1922 թվականի դեկտեմբերի 10-13-ը Բաքվում տեղի է ունեցել Անդրկովկասի խորհուրդների առաջին համագումարը, որը որոշել է ԱՍԽՀԴՄ-ն վերակազմավորել միասնական հանրապետության՝ Անդրկովկասյան Սոցիալիստական Դաշնային խորհրդային Հանրապետության։ 1922 թվականի դեկտեմբերի 30-ին ԽՍՀՄ խորհուրդների առաջին համագումարում 4 խորհրդային հանրապետություններ՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսիան և Անդրդաշնությունը, միավորվել են 1՝ ԽՍՀՄ պետության մեջ։ Համագումարը հաստատել է ԽՍՀՄ թվականի կազմավորման մասին հռչակագիրը և պայմանագիրը։
1921 թվականի գարնանից խորհրդային Ռուսաստանի օրինակով Հայաստանն անցել է նոր տնտեսական քաղաքականության (ռուսերեն հապավումը՝ նէպ՝ նովայա էկոնոմիչեսկայա պոլիտիկա), որը փոխարինել է «ռազմական կոմունիզմին» և կիրառվել մինչև 1928 թվականը։ Մտցվել է պարենային հարկ, թույլատրվել են ապրանքադրամական հարաբերություններ, շուկայի, սեփականության տարբեր ձևեր, օտարերկրյա կապիտալի մուտքը տնտեսության մեջ և այլն։ Նէպի շնորհիվ վերականգնվել են Հայաստանի գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը։ Վերաշահագործվել են պղնձահանքերը, պղնձաձուլարանները, կառուցվել են ջրանցքներ և ջրէկներ։ Սկզբնական շրջանում երկրի տնտեսական կյանքում կարևոր դեր են կատարել Երևանի, Լենինականի (Ալեքսանդրապոլ), Ձորագետի, Քանաքեռի ջրէկները։
Խորհրդային Հայաստանի տնտեսական շինություններն իրականացրել են հանրապետության ժողովրդական տնտեսության խորհուրդը և ժողկոմխորհը։ Վերջինիս նախագահն էր Սարգիս Լուկաշինը (Սրապիոնյան, 1883-1937), որը տվյալ բնագավառում մեծ աշխատանք է կատարել, իսկ հետագայում պատասխանատու պաշտոններ է վարել Անդրդաշնության և խորհրդային Միության ղեկավար մարմիններում։
1922 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 1990 թվականի օգոստոսի 23-ը ՀԽՍՀ, 1940-ից ՀՍՍՌ, 1966-ից ՀՍՍՀ, գտնվել է ԽՍՀՄ կազմում։ 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որի համաձայն ՀԽՍՀ վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին համաժողովրդական հանրաքվեով, որին մասնակիցների 94,39 տոկոսը կողմ են քվեարկել Հայաստանի անկախությանը։